Gallery

Ճապոնական այգի

Ճապոնական այգին բոլոր իմաստներով ունիկալ երևույթ է և ունի զարգացման տպավորիչ պատմություն: Այսօր այգիները Ճապոնիայում զարգացման բարձրագույն մակարդակի վրա են, և դա առաջին հերթին երկրի բնության շնորհիվ է:

 Բոլոր այգիները Ճապոնիայում ուղղված են տարածության տպավորություն ստեղծելուն և մարդուն կատարյալ աշխարհ տեղափոխելուն: Պատմականորեն ձևավորվել են այգիների հետևյալ տեսակները`

  • պալատական,
  • տաճարական,
  • թեյի արարողության այգիներ,
  • բնակելի տան այգիներ:

  Այս այգիներից յուրաքանչյուրը կարող է լինել հարթ կամ համատեղել հարթ տարածությունը բարձր մասերի հետ: Ծավալով ամենամեծ այգիները 6-7-րդ դդ. Չինաստանից Ճապոնիա ներթափանցած  պարտեզային այգիներն են: Դրանք գրեթե չեն պահպանվել մինչև մեր օրերը մեծաքանակ պատերազմների և տարերային աղետների պատճառով: Այս տեսակի այգիներից է օրինակ Կիոտոյի աստվածային քանդակների այգին: Այսպիսի այգիներում անց էին կացվում մրցույթներ երաժիշտների միջև, ինչպես նաև պալատականները շրջում էին նավակներով. այս ամենն, իհարկե` կայսերական ընտանիքի մասնակցությամբ: Ճապոնիայի` բուդդայականություն ընդունելուց հետո պարտեզային այգիների տեսքը փոքր-ինչ փոխվեց, ինչին մեծապես նպաստեցին Հնդկաստանից և Չինաստանից ժամանած վարպետները: Պարտադիր տարր դարձան կոր կամուրջները և քարե թմբերը (մեծ քար` միջինը և փոքրը կողքին):

  Հեյան դարաշրջանում (9-12-րդ դդ.) ի հայտ են գալիս պալատական այգիները իրենց նրբությամբ և էլեգանտ ֆորմաներով: Այս այգիները նախատեսված էին բարձրաստիճան պաշտոնյաների զվարճանքների, պալատական տոների, ինչպես նաև հանգստի համար: Պալատական այգու հիմքում ընկած են լիճը և կղզին, ուստի այգին  այնպես է կառուցված, որ տեսանելի լինի ինչպես տնից, այնպես էլ ջրի մեջից: Պալատական այգու պարտադիր տարրեր են կամուրջները, լամպերը, նստարանները, պարիսպները, կան նաև պագոդաներ և քարերից կոմպոզիցիաներ:

  Տաճարական այգիները մեծապես կապված էին ձեն-բուդդայականության հետ, ըստ որի` բնության գեղեցկությունը ճշմարտության հասնելու ձևերից մեկն է: Այգու կառուցման հիմնական սկզբունքը դրա բոլոր տարրերի ներդաշնակ հավասարակշռությունն է: Այս սկզբունքը կարելի է մեկնաբանել որպես հավասարության ժխտում. այգու ծավալատարածական տարրերը չպետք է լինեն նույն չափի, այստեղ սիմետրիան անընդունելի է: Որոշ տաճարական այգիներ նախատեսված էին շինության ներսից հայեցման համար: Հաճախ տաճարների մոտ կառուցվում էին «պարե սանսույ» այգիներ` այպես կոչված չոր բնանկարներ, որտեղ սարերն ու լճերը նշագրվում են խիստ, մինչև այնգամ ասկետիկ քարերից և ավազից կոմպոզիցիաներով: Տաճարական այգիների գլխավոր նպատակը բնության կյանքին մարդու մասնակցության զգացումն արթնացնելն է:

  Թեյի այգու ծագումը մեծապես կապված է թեյի արարողության հետ: Գոյություն ունի «ծյադո» հասկացությունը` թեյի ճանապարհ, մարդկանց միության ճանապարհն է աշխարհիկ անցուդարձից շեղվելու ընթացքում: Թեյի այգին (ծյանիվա) թեյի տան հետ միասին կազմում է մեկ համալիր: Թեյի այգին մամուռների մեջ դրած տձև քարերից ճանապարհ է, որը պտտվում է թփերի, ծառերի շուրջ և տանում դեպի ջրի ակունքը:

  Որպես կանոն, ճապոնացիները իրենց տան մոտ կառուցում են փոքր այգի, որը, կարծես, ընդլայնում է տան սահմանները: Այն կառուցվում է այնպես, որ տանտերը իրեն զգա բնությամբ շրջապատված. տարբեր տեսանկյուններից նոր հեռանկարներ են բացվում, յուրաքանչյուր բույս և յուրաքանչյուր քար զբաղեցնում են իրենց ճշգրիտ տեղը: Բնակելի տան այգում մեծ դեր է խաղում ջուրը: Մի քանի լճակներ կարող են միանալ փոքր ջրվեժով կամ կամուրջով: Այստեղ հաճախ աճում են սոճի, բալենի, սալորենի, բամբուկ, թխկի, կամելիա, ազալիա, ցածկեռաս:

  Եթե դուք էլ ցանկանաք ստեղծել ճապոնական այգի ձեր հողամասում, հիշեք, որ ավելի լավ կլինի, որ այգին ունենա փակ ուրվագծեր, օրինակ` տեղակայվի պատի և պարիսպի միջև: Ինչպես նաև հարկ է հիշել, որ բաց և մուգ մակերեսների համադրությունը ճապոնական այգու հիմնական սկզբունքներից է: Ամեն դեպքում, ինչպիսի այգի էլ որ կառուցեք, այն կօգնի ձեզ մոտենալ բնությանը և մտածել խաղաղ պայմաններում:

Leave a comment